Jump to content

Հայկական ժայռային մողես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկական ժայռային մողես
Հայկական ժայռային մողես
Հայկական ժայռային մողես
Mabuya vittata
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Սողուններ
Կարգ Թեփուկավորներ
Ընտանիք Մողեսներ
Ցեղ Իսկական մողեսներ
Տեսակ Ժայռային մողես
Լատիներեն անվանում
Darevskia armeniaca
(Mehely, 1909)
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Հայկական ժայռային մողես (լատին․՝ Darevskia armeniaca), մողեսների ենթակարգի իսկական մողեսների ընտանիքի Դարևսկիա (լատին․՝ Darevskia) ցեղի մողես։ Հոմանիշներ՝ Lacerta armeniaca (Méhely, 1909), ավելի ուշ այս դասում ընդգրկվել են նաև կանաչ մողեսները։ Կուսածին ժայռային բոլոր տեսակները հիմնականում էգեր են, որոնք ունեն տրիպլոիդ քրոմոսոմային հավաքակազմ։ Այս ձևը երկու ծնողական առանձնյակների միջտեսակային խաչասերման արդյունք է՝ Lacerta valentini և L. mixta։ Բնակվում է ժայռային և խիստ քարքարոտ, նաև տափաստանային, թփուտային, նոսրանտառային, անտառային բուսականությամբ ցածր լեռնային վայրերում, շինությունների պատերի ճեղքերում։ Բարեկազմ է, փոքր, տափակ մարմնով, երկարությունը տարիքի հետ փոխվում է (2,4-7,3 սմ), պոչը գրեթե կրկնակի երկար է, ինքնահատվող։ Գլուխը տափակ է՝ ծածկված խոշոր վահանիկներով։ Մեջքային մակերեսը ծածկված է միանման, մանր ոսպանման թեփուկներով, կողմնային մակերեսի թեփուկներն ավելի խոշոր են։ Մեջքի գունավորումը խայտաբղետ է. գերիշխում են գորշ, մոխրագույն, կանաչավուն, ձիթապտղագույն ու շագանակագույն երանգները։

Արտաքին կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի առջևի կեսի գունավորումն ավելի վառ է։ Մեջքի երկայնքով ձգվում է մանր բծերից բաղկացած բավական նեղ նախշ։ Կողմնային մուգ գորշաշագանակագույն զոլերը կազմված են թեթևակի արտահայտված օղանման խալերի զուգահեռ երկայնակի շարքերից։ Օղանման խալերն ունեն սպիտակավուն կենտրոնական խալ և մուգ եզրագիծ։ Առջևի վերջավորությունների մակարդակին առկա են 1-2 կապույտ խալեր։ Որովայնային մակերեսը ծածկված է 6 երկայնակի շարքեր ձևավորող խոշոր ու լայն վահանիկներով և ունի բաց դեղնավուն գունավորում, իսկ կոկորդային և ներքին ծնոտային մակերեսները սպիտակավուն են։ Որովայնային մակերեսի եզրային վահանիկները կրում են իրար հաջորդող երկնագույն ու սև խալեր։ Կարող է հանդիպել համատեղ Դալի, Ռոստոմբեկովի, Ռադդեի ու Պորչինսկու ժայռային մողեսների հետ, որոնցից տարբերվում է գունավորմամբ և թեփուկավորման առանձնահատկություններով։

Սննդառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է մանր հոդվածոտանիներով և փափկամարմիններով։

Հայկական ժայռային մողես
Հայկական ժայռային մողես

Բազմացում և զարգացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսածին է, հունիսի վերջ-հուլիսի սկզբին էգը 1-2 անգամ դնում է 2-5 ձու (11-7,5 մմ)։ Ձագերը ծնվում են հուլիսի վերջ-օգոստոսի սկզբին։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական ժայռային մողեսը տարածված է ժայռերում, հիմնականում Հայաստանի հյուսիսարևմտյան և հյուսիսային մասերում, կան նաև սահմանակից երկրներում՝ Վրաստանում և արևմտյան Ադրբեջանում։ 1967 թվականին տեսակը կիրառել են բազմաթիվ գիտական հետազոտությունների համար Ուկրաինայում, որտեղ նրանք ձևավորել են կայուն պոպուլյացիաներ։ Տեսակների թիվը բավականին կայուն է ու բարձր։

Տարածվածությունը Հայաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ананьева Н. Б., Орлов Н. Л., Халиков Р. Г., Даревский И. С., Рябов С. А., Барабанов А. В. Атлас пресмыкающихся Северной Евразии (таксономическое разнообразие, географическое распространение и природоохранный статус). — СПб.։ Зоологический институт РАН, 2004. — 232 с. — 1000 экз. — ISBN 5-98092-007-2.
  • Darevsky, I. S. and Danielyan, F. D. Diploid and triploid progeny arising from natural mating of parthenogenetic Lacerta armeniaca and L. unisexualis with bisexual L. saxicola valentini. Journal of Herpetology,1968, 2։ 65-69.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկական ժայռային մողես» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկական ժայռային մողես» հոդվածին։